пятница, 1 февраля 2013 г.

Կոստանդին Երզնկացի

Կոստանդին Երզնկացի (1250-ական թթ. - 1314-1328 թթ.) հայ միջնադարյան տաղերգության ամենանշանավոր դեմքերից է։


Կենսագրական տեղեկություններ



    Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան քնարերգության նոր ճանապարհը նախանշող գլխավոր անուններից մեկն է:
    Կոստանդին Երզնկացու կյանքի եւ գործունեության մասին եղած պատկերացումները կազմվում են ըստ նրա ստեղծագործությունների: Հետազոտողներն առանձնացնում են մոնղոլ զորավար Ղազան խանին (1295-1304) հիշատակող «Բանք յաղագս անցաւոր մեծութեան, զի մահուան ժառանգ են երկրաւորքս եւ ունայն է վայելչութիւն աշխարհիս» տաղը, որից ինքնին պարզ է դառնում, որ 1304-ը նրա կյանքի ժամանակը որոշող թվական է: Ինքնին պարզ է նաեւ, որ նա այդ ժամանակ հասուն ստեղծագործող այր էր: Երզնկացու մեկ այլ տաղ՝ «Եղբարք մի կան հետ մեզ սիրով», կապվում է 1280 թ. Երզնկայում հիմնադրված արհեստավորների եւ առեւտրականների հիմնադրած «Եղբայրության» հետ: Դա էլ իր հերթին ենթադրում է, որ այդ թվականին նա եղել է ստեղծագործական հասուն կյանքի մեջ: Ուրեմն հավանական է, որ նա ծնված լինի 1250-ական թթ.:
    Բնականորեն պետք է ծնված լինի Երզնկայում կամ տեղացու համբավ ունենար, որպեսզի կրեր Երզնկացի մականունը: Երզնկան (Երիզա) Եկեղյաց գավառի կենտրոնն էր, ժամանակի զարգացած քաղաքներից մեկը:
    Ենթադրվում է, որ նա ուսանել է Երզնկային մերձակա Լուսավորիչ լեռան վրա գտնվող վանքերից մեկում, որոնք ժամանակին հայտնի էին որպես առաջնակարգ կրթօջախներ: «Ոմանք չարախաւսեն զինէն վասն նախանձու…» վերնագրով տաղը որոշ չափով լուսաբանում է նրա կյանքի կրթական-ստեղծագործական էջերը: Դրանից պարզվում է, որ 15 տարեկանում նա եղել է վանքի սան («...ի վանք կայի հնգետասան ամայ…»), այնուհետեւ. «Ես երբ հընգետասան ամաց էի մանուկ տղայ, Ի վանք յուսումն էի…», «Երբ այլ բազում աւուրք ես ի յուսումըն վարժեցայ…»: Այսքանից հետո զարմանալի է, որ վերնագրի մեջ կա այսպիսի արտահայտություն. «...զի վարդապետի չէ աշակերտել…»: Սակայն այս զարմանքը շատ արագ փարատվում է, որովհետեւ այդպես նրա հասցեին ասում էին չարախոսները:
    Սա ենթադրում է, որ Երզնկացին տեւական ուսում է ստացել Երզնկայի վանքում, որը Տիրաշենի վանքն էր, աշակերտել է վարդապետների եւ պատանեկան հասակից իսկ սկսել ստեղծագործել: Հավանական է, որ եղած լինի կրոնավոր, քանզի նրա ստեղծագործության մեջ քիչ չեն քրիստոնեական քարոզները եւ ընդհանրապես հոգեւոր մոտիվները:
    Նրա կյանքից այլ տվյալներ հայտնի չեն:
    Կյանքի վերջին տարիներին եղել է միայնակյաց ճգնավոր: Հավանաբար ենթարկվել է հալածանքների՝ իր ասելով՝ բանաստեղծ լինելու համար, եւ մեկուսացել որեւէ վանքում կամ քարանձավում եւ աղոթել: Հալածանքները կարելի է նաեւ ստույգ համարել, որովհետեւ նա ակնհայտորեն տառապել է անգետ մարդկանցից: Այդ մասին մեկ անգամ չէ, որ նա գրել է իր տաղերում: Պարզ է, որ նենգ, բութ ու չարամիտ մարդիկ հետապնդել են նրան:
    Իսկ նրա միայնակյաց լինելու մասին վկայում է «Բանք խաւսիլ ի ժամ տրտմութեան…» տաղը, որի մեջ ասում է. «Ոչ ունիմ ես աւգնական, յոյս եւ ապաւէն ինձ կամ իար, Որ ի յայս շատ ցընորէս լինէր խաւսաւք ինձ մխիթար: Ոչ ունիմ մարդ սիրելի ի [յընտանեաց[ ինձ կամ աւտար, Որ գըթայ սըրտովն ի յիս կամ աղետայ զիս ի եղբար. Ով սըրտով էր սիրելի՝ եղավ հեռի յիսնէ ’ւ աւտար, Նա Աւտարին ի՞նչ մեղ դընեմ, երբ որ լինիմ յիրմէն ազատ»: Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ ընտանիք եւ հարազատներ չի ունեցել, իսկ ով էլ եղել է սիրելի (հավանաբար` սիրած աղջիկը) հիմա հեռու է եւ օտար:
    Կոստանդին Երզնկացին ունեցել է նաեւ համակիրներ, որոնցից իր հայրենակից Մխիթար Երզնկացին ողբ է գրել նրա մահվան կապակցությամբ, ինչը, ցավոք, անթվակիր է: Հավանական է համարվում նրա մահը 1314-1328 թվականների միջեւ:
    Ենթադրելի է նաեւ, որ 1336 թվականին Կոստանդին Երզնկացին դեռեւս ողջ լիներ, որովհետեւ այդ թվականին Ամիր Փոլինը Թավրիզում ընդօրինակել է նրա տաղերը, ճիշտ կլինի ասել՝ տաղերի հավաքածուն: Ինքը՝ Երզնկացին, ունի այսպիսի վերնագրով մի բանաստեղծություն. «Բան Կոստանդնեայ առ մեր հոգեւոր եղբայրն Ամիր, հոգով ի հոգի եւ սրտէ ի սիրտ», որի մեջ ամենաբարձր գնահատանքով ու սիրով է խոսում «պարոն Ամիրի» մասին («... մեր պարծանաց եղբայր եւ սիրելի»): Բանասերները ենթադրում են, որ Ամիր Փոլինը եւ պարոն Ամիրը նույն մարդն են, որ նկատելի տեղ ունեն գրողի կյանքում:
    Կոստանդին Երզնկացու տաղերն առաջին անգամ լույս են տեսել «Բազմավեպ»-ում (1848): Դրանից հետո տարբեր տպագիր հրատարակություններում ի հայտ են եկել նորանոր գործեր: Դրան հաջորդել են երկու ծանրակշիռ հրատարակություններ (Հ. Մկրտիչ Պոտուրյան, Կոստանդին Երզնկացի ԺԴ դարու բանաստեղծ եւ յուր քերթվածները, Վենետիկ, 1905: Կոստանդին Երզնկացի, Տաղեր, աշխատասիրությամբ Արմենուհի Սրապյանի, Ե., 1962, ԳԱ հրատարակչություն):


ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ


    ԳԱՐՆԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԹՈՆՔԻ ԵՐԳԵՐ
    Կյանքը սկզբնավորող ուժի բանաստեղծ է Երզնկացին: Այդ ուժը նա տեսնում է գարնան եւ հոգեւոր զարթոնքի մեջ: Այս ոգու ծնունդ են նրա շատ տաղեր: Այդ գործերից մեկը նա վերնագրել է «Բան գարնան աւրինակաւ խորհուրդ ի Քրիստոս» եւ անմիջապես վերնագիրը շարունակել որոշակի ցուցումով. «Մի՛ մարմին հասկանայք զբանս, այլ հոգեւոր»: Եթե անգամ փորձենք հետեւել իր ցուցումին եւ անպայման հոգեւոր հասկանանք նրա խոսքը, միեւնույնն է, ասելիքի էությունը չի փոխվում, որովհետեւ հենց դա էլ նրա ասածն է. բանաստեղծը ներկայացնում է երկրի զարթոնքը. «Ձըմեռըն բանդ էր եւ խաւար», ահա գարունը եկել է եւ «Էառ ի մէնջ գիշերն աւար»: Գիշերն այստեղ ձմռան փոխաբերությունն է: Հարավի հողմը փչում եւ տանում է երկիրը պաշարած ամեն մի տրտմություն: Աշխարհն ապրում է վերազարթոնքի տոնական խանդավառություն.
    Է հարսանիք տիեզերաց,
    Է ցնծութիւն պըտղաբերաց,
    Գոյնըզգոյնով ցեղք ի ցեղաց
    Ծաղկունք զերկիր են զարդարել:

    Արթնանում են գետերը, ծփում են ծովերը, բուրում են ծաղիկները, խաղում են զեռունները, եւ այս գարնանային խայտանկարի մեջ սկսվում է վարդի ու բլբուլի սիրավեպը: Ձմռան ու գարնան պատկերներն այստեղ խորհրդանշաններ են. ձմեռը հոգու բանտն է, այսինքն՝ հեթանոսությունն իր չաստվածներով, գարունը հոգու զարթոնքն է, այսինքն՝ քրիստոնեությունը Հիսուս Քրիստոսով:
    168 տող ընդգրկող բանաստեղծության մեջ գարնան նախերգը 52 տող է, մնացածը «շաքարբերան» բլբուլի եւ «զերդ հուր վառեալ» վարդի սիրո այլաբանությունն է: Այլաբանություն է նաեւ «Բանք յերկու դէմս մտաց տեսութիւնք՝ ի հոգի եւ ի մարմին, զոր առակաւք խաւսի այսպէս» տաղը: Այլաբանություն է ամբողջ գիշերային բնաշխարհը՝ աստղերը, լուսինը, երկինքը: Բանաստեղծն արթնության կոչ է անում. «Զարթիք ի յերազուտ, բացէք զաչէրտ, ով կայք ի քուն. Տեսեք մէջ գիշերիս շատք՝ որ պահ մի չեն լել ի քուն…»: Առաջին արթնացողը ինքն է, որ դիմավորում է առավոտը. «Զարթայ ես ի քընոյս, ելայ կացի պահ մի արթուն. Երբ էանց գիշերն յերկար՝ նըշան եղեւ առաւաւտուն…»: Տեսնում է պայծառ լուսին եւ բազմաթիվ աստղեր, որ զարդարել են երկինքը եւ «են արարածք Իմաստնոյն»: Արուսյակի լույսի առջեւ մի պայծառ աստղ է շողում, որն ուներ «լոյս գեղեցիկ, քան զաստեղացն՝ այլ գերագոյն»: Նրան տեսնելով՝ լուսինը մյուս աստղերին հրաման է տալիս մայր մտնել: Ծագող աստղը արեգակն է, որ երեւում է տղայի տեսքով: Ադամամութի ու ցայգալույսի այս վաղ պահին Երզնկացին փառաբանում է լույսի ծնունդը. «Քաղցր է ծընունդ լուսոյն, երանի տամ ես այն մարդոյն, Որ բաժին ինքն ունենայ՝ ի յայն լուսոյն առաւաւտուն…»: Պարգեւատու Աստված արեգակի լույսերի հետ բացում է նաեւ բարության դուռը: Տիրոջ քաղցր հայացքով է, որ «լինի նըշան լուսոյն առաւաւտուն»: Առավոտի անուշ հոտից շատերն են արբած: Անմահական սիրո իր բաժինը նա խառնում է առավոտի սիրո հետ: Առավոտվա հիասքանչ պատկերն այնպես է ներշնչում Երզնկացուն, որ դառնում է համակ նվիրում.
    Թէ ինձ կեանք կամ խընդութիւն բաժին կայ ի դուռն ի սիրուն,
    Մէկ պահու սէրն ի սըրտէ՝ թող լինի ինձ յառաւաւտուն.
    Թէ հոգի տալ կու պիտի, կամ թէ հոգի հանել մարդուն,
    Նա յաւժար եմ ես հոգով՝ զհոգիս փոխան տալ իմ սիրուն:

    Բլբուլն սկզբից եւեթ ներկայացվում է որպես «Աւետաբեր մեծ յարութեան»: Հարությունը Քրիստոսինն է, որ հիմա ներկայացվում է որպես բնության հարություն եւ վարդի արթնացում: Երզնկացին փաստորեն քրիստոնեական գաղափարախոսությունն աշխարհիկացնում է, հոգեւոր խորհրդանիշը դարձնում բնաշխարհի խորհրդանիշ: Բլբուլը «Վարդին էհար կանաչ վրան, Որ գայ, բազմի զերդ հուր վառեալ»: Վարդի կերպավորումով կենդանանում է քրիստոնեական հաջորդ խորհրդանշանը՝ Հիսուս Քրիստոսը.
    Կամով ծածկի ի մէջ փըշին,
    Զերդ որ ի յամբ մըտնու լուսին,
    Զերդ ի յարգանդ Սըրբոյ Կուսին
    Քրիստոս՝ որ էր անգիտացել:

    Վարդը երեսը չի բացում, նա «կանաչ կապա»-ի մեջ է: Բլբուլը ողորմաբար դիմում է նրան, եւ սկսվում է վարդի ու բլբուլի երկխոսությունը: Վարդը պատասխանում է, թե դեռեւս հրապարակում բազմելու իր ժամանակը չէ: Բլբուլը հորդորում է. «Վա՛րդ, զարթի՛ր, Ծագէ՛ զքո լոյսդ…»: Վարդը իր տաճարի դուռը բացում, այսինքն՝ կոկոնից դուրս է գալիս եւ պայծառ շողում է: Վարդի գեղեցկությունը տեսնելով՝ ծաղիկները փախչում են լեռները կամ իրենց գույնը գցում: Իսկ ծաղիկների մնացածը հավաքվում են վարդի շուրջը եւ նրան անդադար փառք տալիս: Բլբուլն ուրախանում է, գալիս են նաեւ այլ բլբուլներ եւ երգում: Սկսված երկխոսությունը շարունակվում է, եւ վարդը բլբուլին ասում է. «Զամէնն արա՛ հիմի յայտնի, Ի՞նչ կամ ի քո դիմաց կացել. Ի նեղ զընդան կենամ քանի՜, Ահա զիմ տերեւնիս հանի, Սիրտս է դեղին ի դեմ քեզի, Գիտեմ որ չես դու զայս տեսել»: Բլբուլի «Սիրտըդ դեղին, ի՞նչ է պայծառ» հարցին ի պատասխան վարդն՝
    Ասէ. Գիտեմ որ չեմ կալոց,
    Վասն աշխարհի եմ զիս տալոց,
    Մին գարուն այլ եմ ես գալոց,
    Յայնժամ շատ ոք կամիմ դատել:

    ’արք են չարկամ ինձ յաշխարհի,
    Բայց չէ իմ սիրտս իսկի յահի.
    Վասն այն ես զիս ծածուկ պահի,
    Որ ժամանակս իմ չէր հասել:

    Եվ ահա եկել է նրա ժամանակը, կարող են նրան համարձակ քաղել, տանել եփել որպես ցավի դեղ. «Բաժանեցէք ի ձեր վերայ Զվարդս, որ վանց ձեր ցաւուտ մեռայ, Վասն այն տանջանք ի յիս կերայ, Որ դուք լինիք առողջացեալ»:
    Վարդը Քրիստոսն է, եւ վարդի խոսքի ու դրսեւորման մեջ քրիստոնեական ոգին է: Բնության տոնական եւ խանդավառ զարթոնքը Քրիստոսի գալստյան համար էր: Վարդը դեռեւս շարունակում է իր մենախոսությունը. «Լուր մերձեցիք յիս համարձակ, Զի իմ արիւնս է ձեզ բաժակ. Մարմինս, որ է սուրբ ու անապակ՝ Ձեզ կերակուր եմ պարգեւել…»:
    Երզնկացին, որ հիշատակարանում գրում է. «Կոստա՛նդ, ի խոր ծածկեալ է բան, Զայս որ առ մեզ տըւեր նիշան...»,- միանգամայն ճիշտ էր նաեւ վերնագրի մեջ՝ «Մի՛ մարմին հասկանայք զբանս, այլ հոգեւոր»: Այո՛, սա այլաբանորեն ասված հոգեւոր երգ է. ուստի, նախ՝ մենք իրավունք չունենք հեղինակին չհավատալ, եւ ապա՝ դա է հուշում խոսքի ամբողջ բովանդակությունը: Օրինակ.
    <...> Տէր, գըթա՛ յիս ի ծառայս, եւ տուր բաժին ինձ յայն հոգոյն
    Որ շատոք ին ցանգացել, բայց քիչք հասան առաւաւտուն.
    Ես յետին եւ անպիտան, որ Կոստանդին կոչի անուն,
    Խընդրեմ ի քէն, տուր ինձ սէր՝ ի սիրուն առաւաւտուն:

    Սա ամբողջովին բնաշխարհիկ պատկեր է, որ, ըստ Երզնկացու, «առակաւք», այսինքն՝ այլաբանորեն ներկայացնում է Քրիստոսի ծնունդը որպես մարդկային սիրո ու բարության հանդես:
    Սրա իմաստային տարբերակն է «Բանք յաղագս արեգականն արդարութեան, որ եւ ծագեաց ի հաւրէ Միածին որդին Քրիստոս, զոր առակաւք խաւսի» բանաստեղծությունը, որն սկսվում է այս տողերից. «Ահա գիշերս էանց, նըշան եղեւ առաւաւտուն. Աստղըն պայծառ ծագեց, աւետաւոր երեկ լուսոյն...»: Խավարը, որ սատանայի երկվորյակն է, վերանում է, եւ աշխարհը ցնծում է աստվածային լույսերի մեջ: Լույսի խորհրդանշանի մեկ այլ տարբերակն է գարունը: Երկուսն էլ կենդանություն են բերում: Ակունքները հորդանում են ու ցնծալով հոսում են վար, կենդանանում է ամբողջ բնությունը: Այս նկարագրությունից հետո բանաստեղծը հռետորական հարցում է ուղղում. «Է՞ր չէք ի զարմանալ ու կամ հարցուկ լինիլ բանիս...»: Հաջորդում է մի տուն, որն ամբողջությամբ լույսի ալեւետումն է.
    Ի լուսոյն ի սկըզբանէ լի լուսով շառաւեղ ծագեց,
    Լոյս ի լուսոյ ծընաւ՝ յարեգական ի մեծ լուսոյն.
    Այս լոյսս ի յայն լուսոյն, որ ինքն է տէր ամէն լուսոյն,
    Որ թագաւոր կոչի ’ւ ամենուն լոյսն ի յիր լուսոյն:

    «Անմուտ ծագեց մեծ լոյս»,- սա աստվածային լույսն է, որին կույր, անիմա եւ անհոգի մարդիկ չեն հավատում, քանի որ ապրում են խավար կյանքով եւ արեգակի մեծ լույսից մաս իսկ չունեն: Եվ նրանք, ովքեր արեգակի մեծ լույսից շառավիղ իսկ չունեն, կորած են եւ հավատ չեն ներշնչում: Այդպիսիներին հակառակ կանգնում է բանաստեղծի կերպարը. «Ես Կոստանդին, որ գըրեցի, կու փափագիմ ի յայն լուսոյն, Որ ես լուսաւորիմ՝ յարեգականն ի մեծ լուսոյն»:
    Բնության զարթոնքը որպես նույնաբնույթ այլաբանություն օգտագործված է նաեւ «Նոյն բան խորհրդով եւ ի յայլ դէմս տեսութիւն, զոր առակաւք ցուցանի այսպես» տաղում: Այստեղ ինքը՝ բանաստեղծն է կերպավորվում որպես բնության երեւույթ. «Այսաւր եղայ հողմըն գարնան, Սիրով հընչեմ ի բուրաստան... <...> Հրաման կուտամ ես ծաղկընուն՝ Փըռեն տերեւ խիստ գուն ու գուն...»: Նորից հայտնվում են վարդի ու բլբուլի պատկերները եւ նոր նրբերանգներով շարունակում ծանոթ դիպաշարը: Վարդը նստում է փառքի աթոռին եւ սիրտը բացում ինչպես թագավոր, իսկ վարդի սիրուն հասած բլբուլի ձայնը քաղցրալուր է, նրա շուրջ բոլորը միաբան են, բոլորը հարբած են սիրով: Բանաստեղծը դիմում է վարդին ու բլբուլին եւ ավարտում խոսքը.
    Ո՜, վա՛րդ աղվոր գոյնով ի լի,
    Ծաղկանց պարծանք եւ գովելի,
    Մեծ գովութեան ես արժանի,
    Զի եւ տեսով խիստ սիրական:

    Բըլբո՛ւլ, հոգովդ ես դու մաքուր,
    Սըրտովտ ի լի ես բոց ու հուր.
    Այտ քո լեզուտ հրեղէն ու սուր՝
    Որ բարբառիս բանք աննըման:

    Երկրպագէ դու, Կոստանդի՛ն,
    Մեծ գոհութեամբ տեառն արարչին,
    Որ արժանի եղեր վարդին
    Եւ լըսեցիր բըլբուլի ձայն:

    Զգացական, իմաստային եւ պատկերային այս նույն ոգու ծնունդ են նաեւ «Տաղ գարնան ազնիւ է» («Ահա եղեւ պայծառ գարուն...»), «Բանք վարդի աւրինակաւ զՔրիստոս պատմէ» («Այսաւր եղեւ պայծառ գարուն...») տաղերը: Երկրորդը, կրկնելով արդեն իսկ ծանոթ պատկերներն ու խորհրդանշանները, դիպաշարային որոշակի ընթացք ունի: Ծաղիկները ցնծության մեջ են, որ ահա գարուն է բացվել: Բայց մանուշակը դավադիր միտք ունի՝ ծաղիկներին նա միաբանում է, որ վարդենին կտրեն, քանի որ նրա պայծառ տեսքից «որդիք մարդկան ի մեզ չհային»: Հավաքվում են հորոտ-մորոտը, ձնծաղիկը, շուշանը, նունուֆարը, նարգիզը, սուսանբարը, որպեսզի իրականացնեն իրենց նենգ ծրագիրը: Բայց բլբուլն այդ պահին ձայն է տալիս ծաղիկներին, թե քնից արթնացել է վարդը: Վարդն էլ լսում է բլբուլին, բացում իր կանաչ վրանի դուռը եւ հագնում ատլաս ու կարմիր: Չարությամբ թունավորված ծաղիկները կա՛՛մ թառամում են, կամ փախչում լեռները, մի մասը ամոթից կապտում եւ սուգ է մտնում, մյուս մասն էլ ահից դողում է ու դեղնում: Եվ բլբուլն ասում է վարդին.
    Թէ՝ Սեր է ծառն ու սէր ծաղիկն, ու սէր հաւուն ձայնն ի ծառին,
    Սէր է վարդն ու սէր պլպուլն՝ սիրով նըստել ի վրայ վարդին.
    Սիրով են գոյն ի գոյն ու գեղեցիկ այն ծաղկընին,
    Վասըն սիրոյ փոքրիկ հաւերն ի ծաղկընուն վերայ նըստին:

    Վարդն ու բլբուլը գտնում են իրար. վարդը բացում է իր տերեւները եւ ասում. «Թէ՝ Ես այլ եմ սիրու տէր, ուսկայ սրտիս մէջն է դեղին».

    Ահա կա՛մ ես զարդարած, իմ տերեւնին զերդ հուր վառին,
    Ու բացել եմ զիմ սըրտիս մէջըն ի դիմացդ, որ է դեղին.
    Բա՛ց զիմ սիրտս ու համբուրէ եւ կըշտացիր սիրովդ հին,
    Ահա գան եւ զիս քաղեն ’ւ այլ ոչ գըտնուս ի բաղչանին:

    Ըստ վարդի` «ով որ սէր չունենայ՝ առ ինք չըկայ գեղեցկութիւն»: Վարդն անմահական վարդաջուր է ու հիվանդի դեղ. «Վասն այնոր ի յետ բանամ զիմ սրտիս մէջն, որ է դեղին, Ով որ տեսնու զիմ սիրտս ի բաց՝ թող գայ-լըսե զիմ գանգատնին»:
    Այս տաղի խորհրդանշանների բացատրությունը տրված է առանձին, որն ընդհանրապես համանման տաղերի բացատրագիրն է՝ «Մեկնութիւն վարդին համառաւտ: Վասն անգիտաց շինեցի, զի կարծէին եթե մարմնաւ [որոց] էր բանք վարդիս. ես վասն այն գրեցի»: Այս գործը կարող է դիտվել նաեւ նախորդի անմիջական շարունակություն եւ ոչ թե առանձին ստեղծագործություն. նույն կառուցվածքն է, նույն չափական կշռույթը, հանգերի նույն կազմությունը: Սկսվում է պարզ մուտքով.
    Եղբա՛յր, ականջ դիր ու լըսէ, որ ես ասեմ զմեկնութիւն,
    Թէ ո՞վ է վարդըն կարմիր, կամ որ ոք են այն ծաղկընին,
    Կամ ո՞վ է սէրըն վարդին, կամ ո՞վ է ձայն բըլբուլին,
    Կամ ո՞ր ոք են այն ծաղկընին, որ ի վարդէն փախուստ առին:

    Ըստ այդմ՝ դավադրության համար ժողովված ծաղիկները են «... այն քահանայքն հին օրինին», կարմիր վարդը Հիսուսն է, մանուշակը Հուդան է, բլբուլի կանչը հարության փողն է: Վարդը, որ հանում է կանաչ կապան եւ հագնում ատլաս ու կարմիր՝ Քրիստոսն է, որ հարյավ ի մեռելոց: Թառամած ծաղիկները զինվորներն են, «որ եղեն որպէս մեռեալք յահէղ ձայնին»: Դեպի լեռները փախուստ տված ծաղիկները, որ գնացին հրեաներին պատմելու, նաեւ կապույտ հագած եւ սուգ մտած ծաղիկները «Էին յազգէն հըրէից, որք յինք դարձան ու հաւատացին»: Ահից դեղնած ծաղիկները «Այն դասքն էին դիւաց եւ զաւրութիւնք սատանային»: Զարդարանքն ու հուր տերեւները Քրիստոսի կարմիր ձորձերն են: Քաղել տանելը եւ այգում այլեւս չգտնելը համբարձումն է: Վարդից դեղ շինելը Քրիստոսի մարմինն է: Հեքիմները քահանաներն են, կրակով եփելը Քրիստոսի արյունն է, վարդաջուրը՝ «Այն զինուորքն, որ խոցեցին, ջուր եւ արիւն վտակք բխեցին, Այն ջուրն գուշակ էր աւազանին՝ մեզ փրկութիւն յաւիտենին»: Սրտի միջի դեղինը՝ «սէրն է եւ գութն աստուածային»:
    Պարզ երեւում է, որ «Բանք վարդի...» տաղն իր մեկնությամբ մի ամբողջ խորհրդանշանային համակարգ է: Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ հակառակ դեպքում հոգեւոր հայրը վարդի ու բլբուլի սերը պիտի համարեր մեղսական:
    Գարնան պատկերն իր խորհրդանշական իմաստով Երզնկացու գեղարվեստական մտածողության հենքն է: Այդ հենքին ամեն անգամ նա զարդանախշում է իր հիմնական մտքերը: Գարնան հորդուն մաքրության մեջ բացահայտվում է այն ամենը, ինչ ծածուկ է պահվել. բարիք ցանածը բարություն է հնձում, չարիք ցանածը՝ փուշ: Մեղքերի թողությամբ հանդես է գալիս նաեւ ինքը՝ բանաստեղծը.
    Կոստանդինս, որ ձեզ գըրեմ, ուսուցանեմ զբանըս բարեաց,
    Եւ ընդէ՞ր կամ մոլորեալ յարդարութեան ճանապարհաց:
    Արդ աղաչեմ զամենեսեան լըսողք բանիս պատուիրանաց:
    Խընդրելով ինձ թողութիւն ի Քրիստոսէ՝ վասն յանցանց:

    Այս տաղը վերնագրված է «Այս գարունս զգալուստն Քրիստոսի պատմէ առակաւք»: Հաջորդում է մեկ այլ գործ՝ «Տաղ գարնան եւ ուրախութեան», որի ասելիքն այս է. «Որտեղ որ սիրու տէր կան, Ամէնն մեզի մաւտ թող գան»: Նորից կենտրոնում կարմիր վարդն է, հայտնվում է բլբուլը, ոգեւորությունը թափ է առնում. «Սաղի՛, լի՛ց ու տո՛ւր զկթղայն», «Այսաւր է մեզ աւր խընդման»: Խորհրդանշանների իմաստը վերստին նույնն է:
    Կոստանդին Երզնկացու որոշ տաղեր քրիստոնեական բարոյախոսության առանձին դրույթների գեղարվեստական մարմնավորումն են: Օրինակ, «Բան յաղագս լեզուի եւ զդատել զընգերն, որ է այս»: Խոսքն սկսվում է պարզ եւ ուղղակի մուտքով. «Առաքեալըն Քրիստոսի մեծըն Պողոս զայս վըկայէ, Թէ որ դատէ մարդ զիր ընգերն՝ զանձն իւր դատապարտէ...»: «Դու ո՞վ ես, որ դատես...»,- մարդուն լռեցնող եւ խոնարհ պահող մի դաժան մտայնություն կա այս պատվիրանի մեջ, որին էլ հաջորդում է ահաբեկությունը՝ «...զքո գերանտ ոչ տեսանես»: Այսինքն՝ «Եղբա՛յր, սանձէ ըզքո լեզուտ» եւ ապա՝ «Ով հեզութեամբ խոնարհ կենայ՝ զաշխարհս ամէն նա ժառանգէ»: Քրիստոնեական այս բարոյախոսությունը Երզնկացին զգում էր իր կյանքով, որովհետեւ առիթ էր ունեցել գրելու անգետ մարդկանց մասին, բայց ի՞նչ էր փոխվել դրանից: Այդ իսկ պատճառով գալիս է ներհայեցողության պահը, եւ բանաստեղծն ինքն իրեն ասում է. «Համբերել պարտ է քեզի, Է՜ Կոստանդին, ով նախատէ...»:
    «Աւրհնեալ է Հայրն անըսկիզբն՝ անեղական եւ անսահման...» սկսվածքով տաղը, ճիշտ կլինի այն ընդունել որպես պոեմ (ծավալը՝ 160 տող), աշխարհի աստվածային արարչագործության պատկերն է՝ Աստծու մեծագործության փառաբանությամբ.
    Անըսկիզբըն եւ անվաղճան անքըննելի ու անթարքիման
    Անբաւելի երկնից ՚ւ երկրի եւ զաւրութիւն անյաղթական:
    Երկինք աթոռ է տերութեանդ երկիրս ոտիցըդ պատուանդան
    Համատարած ես ի յերկինս եւ ի յերկիրէ անզատական:

    Աստված Իրեն շրջապատում է վեցթեւյան սերովբեներով, քառակերպ քերովբեներով ու բազմաչյա հրեշտակներով, առանց սյունի հաստատվում է երկնքի կամարակապ խորանը, երկինքը ծաղկում է աստղերով, եւ սկսվում է աշխարհաստեղծումը: Հողն ու ջուրը բաժանվում են իրարից, հողը քաղցրաճաշակ պտուղներով եւ բույսերով է բազմանում, կենդանիներով ու գազաններով, երկինքը՝ բազմատեսակ թռչուններով: Դրանից հետո Աստծու հրամանով ստեղծվում է մարդը՝ «ի պատկերի մերում նըման»: Մարդու կողից ստեղծում է Եվային, նրանց բնակեցնում դրախտում, պատվիրում չուտել պտուղը, որը ուտում են, զրկվում անմահությունից եւ դառնում հողեղեն: Հաջորդում է Կայենի եւ Աբելի պատմությունը, ազգերի ծնունդը, ջրհեղեղը, Նոյյան տապանը: 66-70 տողերի միջեւ բացակայում է Իսրայելի պատմության հատվածը, որից հետո Երզնկացին անցնում է քրիստոնեության դրվագների շարադրմանը՝ Մարիամի հղիանալուց մինչեւ Քրիստոսի ծնունդն ու արարչությունները եւ խաչելությունն ու հարությունը:
    Աստվածային խորհուրդն է ուղեկցում Երզնկացուն նաեւ «Բան յաղագս անբաւելի սքանչելեացն Աստուծոյ՝ զոր փոքր-ինչ համարձակիմ այսպէս. աւգնեա՛ Քրիստոս» տաղում: Ամեն ինչ աստավածային ուժով է պայմանավորված,- ասում է Երզնկացին: «Ե՛ս, բընութիւն անբովանդակ», «Դո՛ւ, տէր միայն ես անվաղճան»: Այս տաղը Տիրոջ փառաբանությունն է, ներշնչված գովք, հավատացյալի հավատավոր աղոթք.
    Տէր իմ գըթած, հայրըդ վերին,
    Պահեա՛ զծառայս՝ ըզԿոստանդին,
    Ինչ պարգեւէ զկենաց բարին
    Զի բուն բարուն շնորհող դու ես:

    Բոլոր այս տաղերը գալիս են վկայելու, որ Կոստանդին Երզնակցու այս գործերն ունեն քարոզչական բնույթ, որոնք ամենայն հավանականությամբ հնչել են եկեղեցական արարողությունների ժամանակ, որ ինքը եղել է հոգեւոր գործիչ, թերեւս ոչ բարձր աստիճանի, եւ որ նա իր կյանքը ավարտել է միայնակ ճգնավորության մեջ:


    ՍԻՐՈ ԵՐԳԵՐ
    Քրիստոնեական սիրուց բացի, Կոստանդին Երզնկացու պոեզիան հարուստ է նաեւ աշխարհիկ սիրո երգերով: Այդ երգերում եւս կան խորհրդանշաններ, անգամ կրկնվում են նույն խորհրդանշանները, որոնք արդեն բերում են իրական կյանքի ազդակներ:
    Ակնհայտ է, որ կյանքի մի փուլում Երզնկացին սիրահարված է եղել, այդ սերը եղել է իրական, բայց իր իսկ վկայությամբ՝ անհասանելի, որ մնացել է նրան հեռու եւ օտար:
    «Հոգի՛, աչերուս իմ լոյս» սկիզբն ունեցող տաղում հայրեններին բնորոշ անմիջականությամբ բանաստեղծը ողբում է.
    Հոգի՛, աչերուս իմ լոյս,
    Երբ որ ի դիմացս ելնուս
    Փախչիս, երբ որ զիս տեսնուս,
    Խղճա՛ քո գերոյս, իմ լոյս:

    Դու զլոյս աչերուս առնուս՝
    Թէ զիս քեզ սւտար տեսնուս,
    Դո՛ւ ես հոգի իմ հոգոյս,
    Խղճա՛ քո գերոյս իմ լոյս:

    Եվ պատահական չէ, որ իրեն նա համարում է աշուղ. «Չի գիտե՞ս քո աշըխ եմ ես»: Սա Երզնկացու ժամանակ արդեն նոր երանգ է: Առաջին յոթ տների մեջ կրկնվում է «Խղճա՛ քո գերոյս, իմ լոյս» տողը: Ութ-տասներկու տներում իրար մոտեցող, բայց կրկներգ չդարձող տողեր են՝ «Տե՛ս որ քո պլպուլն եմ ես», «Չի գիտե՞ս քո աշըխ եմ ես», «Չի գիտե՞ս քո պլպուլն եմ ես», «Թե զտեսդ աչերուս աւժտես», «Չի գիտե՞ս, որ ծառայ եմ քեզ»: Բացի նախավերջին տողից, այստեղ եւս դարձվածային ընդհանուր նմանություն կա: Բայց ահա տասներկուերորդ տնից՝ ինը տուն շարունակ, բանաստեղծությունն ստանում է մի նոր կրկներգ՝ «Ար-եկ աչերուս իմ լոյս» (միայն նախավերջին տան մեջ վերակրկնվում է սկզբի կրկներգը՝ «Խղճա՛ քո գերոյս, իմ լոյս») եւ լույսի հոլովումով հասնում մինչեւ վերջ: Սիրո նուրբ խաղ կա այս բանաստեղծության մեջ, ուր ե՛ւ հոնքերի լարած աղեղն է, ե՛ւ սիրո գաղտնի նետերն են, ե՛ւ սիրո հիվանդությունն է, ե՛ւ իրար աչքի առջեւ իրարից հեռու լինելն է, ե՛ւ գովքն է՝ գեղեցկուհու փառաբանությունը: Մարմինն արդեն կերպարանք է առնում որպես «Շաքար ու շիրին շրթունք, Եթե՝ լի գունով ծաղկունք, Թուխ աչեր ու կամար ունք...»: Ասում է, թե մեկ էլ ինձ անհույս թողնես՝ «Չ’ աւտամ թէ այլ զիս տեսնուս, Հոգիս ելաւ ի մարմէնոյս...»: Սիրո անհասանելիությունը նրան դարձնում է խեղճ ու մոլոր. «Կու ծըփամ ի մէջ ծովուս, Չերեււիր եզերն ճանփուս...»: Բանաստեղծության ավարտը շատ նման է սկիզբին եւ ստեղծում է մի տեսակ իմաստային օղակ.
    Հոգի՛ս, աչերուս իմ լոյս,
    Երբ որ ի դիմացս ելնուս՝
    Է՞ր փախիս ի տուն մտնուս.
    Ար-եկ աչերուս իմ լոյս:

    Գեղեցկության առանձնացումն այս երգերի ոգեշնչման աղբյուրն է: «Տաղ սիրոյ» բանաստեղծությունն սկսվում է այսպիսի պատկերով.
    Հանց գեղեցիկ մորճ ու շիտակ,
    Պատկեր, գեղով առ յիս հասաւ,
    Այլ չէ՛ տեսեր մարդ կենդանի
    Զերդ զայն, որ իմ աչքս տեսաւ:

    Իրական հարաբերությունների մեջ ուրվագծվում է ոչ միայն գեղեցկուհու, այլեւ տղայի կերպարը, որը սիրո աչքերով է նայում աղջկան: Նա իր օրն անց է կացնում աղջկա հետ, որը «յորդորելով մանրաքայլում» է, արագ-արագ այցելության է գնում, աղջկա բույրերը խելքից հանում են նրան: Աղջկա դեմքը բոլորած է մազերով, զարդարված է ակնեղենով, շողում է ու փայլում: Պատկերի զարգացումը հասնում է այսպիսի գագաթնակետի. «Նա իմ հոգոյս եղեր տաճար, իմ աչերուս լոյս ծագեցաւ»: Սիրած աղջիկը մշտապես ունի մի առանձնահատկություն. այն, որ ինչ հագնի, սազում է իրեն. «Զինչ որ հագնի, նա իւր վայլէ»: Բանաստեղծությունն ունի այսպիսի ավարտ.
    Եղբարք մի կան հետ մեզ սիրով,
    Աշխարհի բան ուզեն գըրով.
    Նա ես վասն այն յայտնի ձայնով
    Սիրու բաներս ասցի յոլով:

    Դարձիր յունայն սուտ բաներուտ,
    Զի է անշահ եւ անաւգուտ,
    Խելաւք իմաստութիւնդ մուտ
    Զի քեզ բաժին իրք մ’այլ անկաւ:

    Սիրո նույն ոգեւորությունն է «Տաղ սիրոյ ազնիւ» գործում: Աղջիկը ներկայանում է արտաքին գեղեցկության բոլոր բարեմասնություններով, հմայքներով ու հրապույրներով: Ազնիվ սիրո մաքրությունը մարմնավորվում է նույն մաքրությամբ, պատկերների պայծառ ու լուսավոր գույներով: Ավելանում են արտահայտչական միջոցները, խոսքը ձեռք է բերում նկարչագեղ տեսողականություն.
    Ա՜յ սուրաթ պայծառ ու պատկեր լուսատես,
    Զիմ աչերս ի քո սիրոյդ է՞ր կու զատես.
    Դու գարնան քամի, ես ծաղիկ ծարաւած՝
    Իմ ծարաւ սրտիս համար հողմն հընչեց:

    Երկրում նրա նմանը չկա, նա նման է երկնքի լուսատուներին, իսկ եթե երկրի վրա է, ապա միայն՝ սուլթան, ապա միայն՝ ծաղիկների թագավոր: Նա ասես միավորում է երկիրն ու երկինքը. «Ասեն՝ Եղուկըդ տար սիրով ջերմային, Երբ որ դուն յորդորելով մանրաքայլես, Ասեն՝ արեւ ծագեցավ ի մէջ գիշերիս, Երբ փայես յանկարծակի յերկրին երես»։
    Թեեւ աղջիկը երեւում է որպես գեղանկար, բայց այն կենդանանում է հոգեբանական վիճակների մեջ, որ առարկայանում է այս տողերով. «Դու քանի հեռացել ես այս քո գերուս՝ Արտասուքն ի վայր թափես ի աչերուս: Թէ լինէր, որ զքեզ տեսնի առ յիս գալով Եւ խընդութեամբ ի դէմ գայի քեզ սիրով...»: Սերն անձնավորված է, քանի որ սիրահարի կերպարի տակ ինքը՝ հեղինակն է.
    Այլ չըկայ քեզ, Կոստանդին, կեանք մուրատով,
    Երբ ի իւր քաղցր տեսուն հանց կարաւտ ես,
    Է՜ սուրաթ պայծառ ու պատկեր լուսատես,
    Զիմ աչերս ի քո տեսուդ է՞ր կու զատես:

    Կինը Երզնկացու համար ոչ միայն սիրո ու գեղեցկության առարկա էր, այլեւ մարդ էր իր կանացի ճիշտ ու սխալներով: Այդպիսիներին է ուղղված «Բանք յաղագս չար կնոջ՝ նախատինք եւ յաղագս բարի կանանց» տաղը: Զգացվում է, որ կյանքում նա ճանաչել է նաեւ լիրբ ու անզգամ կանանց, ովքեր շնացող են եւ պոռնիկ, եւ որոնց տալիս է իրենց իսկ ճիշտ բնորոշումը՝ բոզ.
    Անըզգամ կինն է գազան մէջ աշխարհի,
    Ընդանի յերեւան մարդկան լինի.
    Լաւ ի լեռըն բընակիլ յանապատի,
    Քան ի մէկ տուն ընդ կընոջ լըրբախաւսի:

    Երզնկացին խորհուրդ է տալիս հեռու մնալ այդպիսի կանանցից.
    Թէ ընդ ինք մարդ զըրուցէ զերդ ըզհրեշտակ,
    Նա սըրտովըն զանախ է, ծաղր ու կատակ.
    Թէ հազար մարդ չըլինի ի [ր] նըմանակ,
    Հետ նորա [ինք] բոզութիւն խորհի մենակ:

    Մի՛ կենալ լեզուանի կընկան հակառակ,
    Որ չասէ ընդ քո երեսըտ բանք առավ,
    Եւ զուգէ շատ խաւսերով իր նըմանակ
    Եւ բերէ քեզ մեծ ամաւթ ի հրապարակ:

    Սրան հակառակ՝ նա ընտանեսեր պարկեշտ կնոջ գովքն է անում:
    Երզնկացու սիրային բանաստեղծություններն աշխարհիկ ոգու արտահայտություններ են, բայց միանգամայն սխալ է այդպիսի ընկալման ենթարկել զարթոնքի մոտիվներով գրված երգերը:

    ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿԵՐՊԱՐԸ
    Երզնկացուց առաջ բոլորն էլ գիտակցել են իրենց թե՛ ստեղծագործական կերպարի, թե՛ բուն գործի էությունը՝ ե՛ւ 5-րդ դարի մատենագիրները, ե՛ւ հետագա շրջանի ժամանակագիրներն ու պատմիչները, ե՛ւ նրան նախորդող բանաստեղծները: Երզնկացին բանաստեղծի իր կերպարը ինքնաճանաչման բերեց ժամանակի ու միջավայրի մեջ՝ որպես բացառիկ տրվածք, դրանով իսկ ավելի որոշակի դարձրեց բանաստեղծի կերպարի նշանակությունը: Տարբեր տաղերի հիշատակարաններում նա իրեն հիշում, ներկայացնում, դիմում է այս խոսքերով. «Ես յետին եւ անպիտան, որ Կոստանդին կոչի անուն...», «Ես Կոստանդին, որ գըրեցի...», «Երկըրպագէ դու, Կոստանդի՛ն», «Կոստանդին, չէ՛ պարտ լըսել», «Աւաղե՜մ զքեզ, Կոստանդի՛ն...»: Մի տեղ նույնիսկ նրա արտաքինն է երեւում. «Է՜, Կոստանդի՛ն, բարձր պոյով» («Տաղ սիրոյ»): Իսկ «Բան յաղագս չար կնոջ՝ նախատինք...» տաղում տալիս է իր լրիվ անունը. «Թէ խնդիր լինիք անուանս անարժանի, Կոստանդին անուն կոչի Եզընկացի»։
    Երզնկացուն՝ որպես ստեղծագործող, տեսնում ենք իր միջավայրի եւ այդ միջավայրի հետ ունեցած հարաբերության մեջ: «Յաղագս անգիտաց սուտ խաւսելոյ զբանս, անպիտան եւ հակառակ կալ իմաստնոց» տաղում հստակորեն երեւում է այն գորշ միջավայրը, որ բոլոր ժամանակներում միշտ էլ շրջապատել է բոլոր մեծերին: «Ի յանգէտ մարդկան ձեռաց զհոգիս էրեմ անշէջ հըրով <...> Ես չունի հանգըստութիւն ’ւ յերակ խոցիմ անգէտ խաւսով»,- ասում է նա: Այդպիսի մարդիկ՝
    Ատեն ըզմարդըն իմաստուն, յիմար կոչեն ու ծուռ ճանփով,
    Ծածկել են ըզգործն աղէկ ու վատ անուն հանեն շուտով
    Եթէ սուրբ ’ւ առաքինի լինին ոմանք բոլոր սըրտով,
    Են նոցա խիստ հակառակ, ով է անսուրբ ու պեղծ գործով:

    Աղեկին վատն է ատող ’ւ ի հետ բարոյն չարն է նենգով,
    Եւ անգէտըն ոչ կամենայ զմարդն իմաստուն, որ կայ բարով.
    Թէ խաւսիս քաղցր ի քէն եւ անոյշ բան մի երկուս յինք խըրատով:
    Նա հեռի փախչի ի քէն եւ չընդունի զքեզ սիրով:

    Երզնկացին շարունակում է բնութագրել իմաստուն եւ անգետ մարդկանց այնպես, ինչպես աստվածաշնչյան իմաստախոսությունների մեջ է. «Իմաստունն է առաւաւտ, աւետաւոր եւ ցընծալով, Իսկ անմիտն ի խաւարի կայ թանձրացել յերազ քընով»: Իմաստունը արեգակի պես պայծառ է ու լուսավոր, իսկ անմիտը խավարի տուն է: Իմաստունը զորեղ է իր խելքով, բայց անգետներն են աշխարհի տերը. «Բովանդակ աշխարհս է գայլ, եւ միաբան կան մի ժողով»: Այս գայլերը այդ անգետների ոհմակն են: Այդ իսկ պատճառով.
    Լավ է ինձ մէջ գազանաց մարդակերաց բընակելով,
    Քանց անմիտ ’ւ անիմաստ՝ որ յիս խաւսի անգէտ բանով.
    <...> Կոստանդի՛ն, է՞ր կաս ազատ ’ւ ի սիրտ ելնես թէզ մ’ըշտապով.
    Վասն անգէտ ’ւ անմիտ ոմանց զքեզ է՞ր տանջես շատ ցընորով
    Ոչ կարես հաւան պահել դու զամեն մարդ հետ քեզ սիրով:

    Իմաստունի եւ անգետի բախումն ստեղծագործող անհատի դեպքում նույնն է, ինչ հանճարի եւ ամբոխի մշտական հակադրությունը:
    Երզնկացին այս իրադրությունը խորացնում է երկու բացվածքով. մեկը ստեղծագործողի ճակատագիրն է անգետների միջավայրում, մյուսը բարոյախոսական խրատն է:
    «Այլոց անչափ բառձիր, որչափ քեզ ես բեռըն դըրել» տաղն ամբողջությամբ անգետ մարդկանց մեջ ընկած իմաստունի ինքնարտահայտումն է՝ իր կերպարը չկորցնելու մտահոգությամբ: Երզնկացին իրեն տեսնում է քրիստոնեական բարոյախոսության սահմաններում եւ առաջին հղված տողի տրամաբանությամբ շարունակում.
    Որով չափով չափես՝ նոյնովըն քեզ կամին չափել,
    Որով զոք դատիս՝ նոյն դատաստան կամիս կըրել.
    Յիմա՛ր, զամաւթ մարդոյն քան զաստուծոյն մեծ ես տեսել,
    Ւ ի յահեղ ատենէն չկամիս դողալ ու սարսափել:

    Երզնկացին իր խորհրդածությունները խորացնում է խոսքի, լեզվի ուղղությամբ: Ըստ նրա՝ լեզուն նման է կրակի, որ բազում անտառ է հրդեհել, լեզուն սաստիկ հողմ է, հեղեղատ է, որ շատերի հիմքերն է կործանել, հորդ քամի է... Բանաստեղծը խոնարհության կոչ է անում, այսինքն՝ հիմարին, չարին, թշնամուն չհակառակելու է տրամադրում. «Ով քեզ յիմար կոչէ, ասա՝ Աղեկ գիտես ճանչել <...> Ով քեզ չար կամենայ, պարտ է բարի հատուց անել...»:
    Հոգեւոր եւ աշխարհիկ եզրերի մեջ ինքնաճանաչումը խորանում է «Կրկնեալ պատասխանի այսպէս ի դէմ» տաղում, որի մեջ վերջնականապես ձեւակերպվում է հոգու եւ մարմնի հավասարարժեք ու հավասարակշիռ գոյությունը.
    Հոգիս խիստ յաւժար բանից իմաստնոց լըսել.
    Մարմինս է հեշտասէր, զի յաշխարհէս է ինք ծընել.
    Ի յերկուքիս միջին մոմ եմ՝ ի մէջ հըրոյն վառել,
    Անհիմն ու անհաստատ՝ եմ անհանգիստ ի շուրջ եկել:

    Բայց այս վիճակը նրա համար դեռեւս հաստատուն չէ, ուստի «Ի չորս հակառակէս ուսկամ յերեր եմ մընացել». դա այդպես է, որովհետեւ նա չի կարող իրեն տեսնել երկու տիրոջ ծառայի վիճակում:
    «Յաղագս եղբայրութեան, բարւոյ եւ չարի» տաղը Երզնկացու գանգատն է՝ որպես խրատ լսողներին: Այստեղ դարձյալ իմաստունի եւ հիմարի, բարու եւ չարի շարունակվող պայքարն է: Այդ նույն մոտիվն առկա է նաեւ «Բան Կոստանդեայ առ մեր հոգեւոր եղբայրն Ամիր, հոգով ի հոգի եւ սրտէ ի սիրտ» տաղի մեջ: Պարոն Ամիրը նրան սիրելի եղբայր է, որն իր խոսքի գինը կարող է հասկանալ, իսկ այդ խոսքն անգետ մարդու համար դառը թույն է: Անգետ մարդու միտքը տկար է, ուստի խոսքը նրա համար նույնն է, ինչ մարգարիտը խոզերի առջեւ: Երզնկացին եղբայր ամիրին խորհուրդ է տալիս հեռու մնալ այդպիսիներից. «Ի յանգէտ մարդոյն փախիր, յիրմէն ի զա՛տ կաց ու հեռի, Մի՛ իրենըն հաւատալ, որ նենգութեամբ քեզ խոնարհի...»: Բանաստեղծությունն ավարտվում է միտքն ընդհանրացնող բարոյախոսությամբ.
    Ով ունի իմաստութիւն, թող առ մարդիկ շատ չըխաւսի,
    Ով չունի սէր ընկերի թող լեզուովըն մարդ չըդատի,
    Ով չըկարէ սիրտ մի տըրտում ուրախ պահել, նա է՞ր գովի:

    Ասես նախորդների անմիջական շարունակությունը լինի «Բան յաղագս չար ընկերաց եւ պատրաստ կալ մոլորեցուցիչ ոմանց որք հակառակին բարութեան» տաղը: Դարձյալ արդարացի խորին հիասթափության շրջապատից, մարդկանց ակնհայտ երկերեսանիությունից, երբ ժպիտի տակ մահվան դեղ են պահում: Այս կապակցությամբ հիշում է Աբելի ու Կայենի առասպելը, նորից ներկայացնում իմաստունի չհասկացվածության ողբերգությունը. «Տեսնուն զոմն իմաստուն յայս աշխարհիս ու մարդ արդար, Յիմար կոչեն նորա եւ ի խելացն ասեն տըկար...»: Այնուհետեւ. «Գիտունն ի յանգիտաց մէջըն ծառայ է չարաչար», որ նույնն է, թե անգին գոհարը «խամ» ապակու պես էժան գնահատվի: Այս դժգոհությունը շրջապատից վերածվում է ժամանակի դժգոհության, որովհետեւ հիմարների միջավայրը վերին օղակներում էլ է հիմարներ կարգում: Երզնկացու դժգոհությունն ասես համահունչ է Ֆրիկի բողոքին, եւ սա տարօրինակ չէ, որովհետեւ նրանք ըստ էության ժամանակակիցներ են: Երզնկացին գրում է.
    Հազար աւաղ տամ ես, որ Տէրն ըզմեզ յետնորդս արար
    Ի յանցեալ ժամանակիս՝ որ մեզ չըկայ իրք մըխիթար.
    Հովիւ չունինք տեսող, ու մենք ենք մոլորեալ ոչխար,
    Շատ գայլք են յարձակել ի վերայ մեր խիստ անհամար:

    «Պիտեր մեզ նաւապետ մարդ կենդանի՝ զերդ Նոյ արդար...»,- շարունակում է բանաստեղծը՝ երազելով փրկության մի նոր տապան: Կա՛մ Աբրահամի պես աստվածատես մի մարդ էր պետք, կա՛մ երթի մի նոր Մովսես, պետք էին ուրիշները: Եվ բանաստեղծը, տեսեք, պատկերային ի՜նչ հայտնության է հասնում.
    Երանեմ քե՛զ, ժամանակ, որ դու ըզմեզ Տերն տեսար
    <...> Իսկ ի յայս ժամանակիս, որ Տէրն ըզմեզ յետնորդս արար,
    Չունինք մարդ կենդանի, հոգւով մեռած ենք հաւասար,
    Ունինք տեսող աչեր, մեղաւք գընանք յանլոյս խաւար,
    Ի մէջ ծովուս ծըփինք, ոչ նաւ ունինք, ոչ նաւավար:

    Սա անհայտության մատնված ժամանակն է, այն մահացու քրոնոսը, որը խժռում էր իր զավակներին: Երզնկացին, ըստ այս եւ համանման մյուս բանաստեղծությունների, ներկայանում է իր ժամանակի զոհի կերպարանքով, ինչն ստանում է հանրային հնչեղություն: Նրա ձայնը, ճգնախուցի պատերին բախվելով, արձագանքում է ժամանակի մեջ: Պատահական չէ, որ հերթական անգամ ինքն իրեն ասում է.
    Զհոգիդ քանի՞ մաղես, է՜, Կոստանդին, զաւրն անդադար,
    Հերիք արա սըրտիդ, զքեզ ի ծովուդ մէջըն տեսար,
    Դարձիր ի յետ նայէ ու գիր խելաւք թատպիր ու ճար,
    Որ չմնաս ի մէջ ծովուն ’ւ յեզր ի հանգիստ իսկի չհասար:

    Երզնկացին իր կյանքի օրինակով կրկնում է աստվածաշնչյան հայտնի ասույթը, ըստ որի՝ ով իր գիտությունն է ավելացնում, իր վիշտն է շատացնում: Հակառակ դեպքում այս մոտիվն այդքան խորությամբ չէր արտահայտվի նրա ստեղծագործության մեջ: «Նորին Կոստանդեայ բանք» տաղն այս մտքի ձեւակերպումն է՝ Սողոմոն իմաստունի անվան հիշատակությամբ: Նաեւ կրկնվում են հայտնի խորհուրդները. «Քանի հասնիս ի մեծութիւն` խոնարհ կացիր մարդկան ու ցած, Որչափ լինիս դու իմաստուն՝ շատ մի՛ խաւսիլ մէջ անգիտաց»: Նույն տարերքի ծնունդ է «Խրատ հասարակաց պիտանի եւ աւգտակար» տաղը, որի մեջ նրա հայտնած մտքերը նորանոր նրբերանգներով ու ձեւակերպումներով են ներկայանում: Այսպես. «Խոնարհութիւնն՝ արդարութեամբ, հիմն է հաստատ, անխախտելի, Զի որ խոնարհ է ի յերկրի, նա աստուծոյ որդի կոչի...»:
    «Բանք յաղագս անցաւր մեծութեան, զի մահուան ժառանգ են երկրաւորքս եւ ունայն է վայելչութիւն աշխարհիս» տաղը վերստին նույն տրամադրություններն է արտահայտում, բայց այլ եղանակով եւ այլ բովանդակությամբ: Ըստ հեղինակի ծանուցման՝ մեկը «Շահնամայ ասէր ձայնով»: Եղբայրության անդամները («եղբայրք») նրան խնդրում են, թե «ի Շահնամայի ձայն մեզ ոտանաւոր ասայ. ես շինեցի զբանքս զայս. ի Շահնամայի ձայն կարդացեք»: Խոսքը Ֆիրդուսու «Շահնամե»-ի մասին է, որ երգվել ու արտասանվել է: Երզնկացու այս տաղում նախ փոխված է չափը, որը տատանվում է 11 (5+6) եւ 12 (6+6) տողերի եւ համապատասխան անդամների միջեւ (այս մասին Մ. Աբեղյանը գրել է մի առանձին ուսումնասիրություն՝ «Շահնամայի ձեւական ազդեցությունը», որի մեջ, սակայն, Երզնկացու տաղի չափական կշռույթի բացատրությունը հեռանում է բնագրային համապատասխանությունից (տե՛ս Երկեր. հ. Դ, 1970, էջ 467-469): Աբեղյանն ունի նաեւ համանման մեկ այլ ուսումնասիրություն՝ «Շահնամայի» ոտանավորի չափը հայ բանաստեղծության մեջ» (տե՛ս Ֆիրդուսի. Նյութերի ժողովածու, Ե., 1934, էջ 117-128), ապա նաեւ փոխված է հանգավորումը, որը միահանգ հնչեղության փոխարեն բերում է բազմահանգություն. քառատողերն ունեն կից հանգավորում՝ աաբբ գգդդ եեզզ եւ այսպես շարունակ: Սա ավելի աշխույժ եւ ներդաշնակ կշռույթ է:
    «Շահնամայի ձայնով» Երզնկացին ստեղծում է մտքի զարգացումով պայմանավորված ներքին դիպաշար: Եվ ի՞նչ է նրա ասածը.
    Լսել պարտ է մեզ բանք յիմաստասիրաց,
    Կամաւ հեռանալ մեզ ի զատ յանգիտաց,
    Չլինել կարճամիտ եւ ի սըրտե թերի,
    Չլինել մարմընոյս մեր ծառայ եւ գերի:

    Այս կեանքս է ունայն եւ ժառանկ ենք մահու,
    Չունի մեզ դըրունք բարութեան եւ շահու,
    Երազ է խաբող եւ խայալ անցաւոր,
    Է՛ սուտ՝ սիրելի եւ ընկեր նենգաւոր:

    Մահվան առջեւ այս ունայն աշխարհի փիլիսոփայությունն է, որ դառնում է մտքի տրամաբանական անցումների դիպաշարային հիմք: Մահ, որ կարող է տանել ե՛ւ գազան Ղազան խանին, ե՛ւ նրանց, ովքեր ռումբ ու գուրզ էին նետում իրար վրա, ե՛ւ նրանց, ովքեր գեղեցիկ էին ու ցանկալի.
    Դարձել են փոշի եւ ոսկերք են ցամաք,
    Այն անձն, որ պայծառ էր քան զձյուն սպիտակ:
    Եղբա՛յրք, լսեցեք զայս ի սրտէ սիրով,
    Որ ես շինեցի զբանքս ի մըտաց գըրով:

    Ոչինչ է այս կեանքս ու չունի դիւրութիւն,
    Դու այլ մի՛ խաբիր, թէզ զարթիր, Կոստանդին...

    Այս իմաստությունն ուղեկից է նրանց, ովքեր աշխարհիկ կյանքից անդին տեսնում են հավիտենությունը, ովքեր նաեւ իրենց պարտվածությամբ են ժխտում այսօրեական փառքը, որովհետեւ իրենց ուժն ու նշանակությունն զգում ու գիտակցում են ավելի մեծ ժամանակի մեջ:
    Անգետն ու հիմարը, չարն ու նախանձը եղել են որոշակի մարդիկ, ովքեր ուղեկցել են Երզնկացուն: Այսպիսիների ներկայությունը նա հատկապես ծանր է տարել, երբ նրանք կասկածի են ենթարկել գրողի ստեղծագործական ձիրքը, գրական տրվածքը: Ահա նրանց է հասցեագրված այս երկար վերնագրով բանաստեղծությունը. «Ոմանք չարախաւսեն զինէն վասն նախանձու, թէ որպէ՞ս խաւսի սա այսպիսի բան, զի վարդապետի չէ աշակերտել. զի ա՛յլ է աշխատիլն եւ ա՛յլ է շնորհքն ի հոգւոյն, զոր ես պատմեմ ձեզ, յաղագս տեսլեան իմոյ, զոր տեսի զարմանալի տեսիլ, մինչ ի վանք կայի հնգետասան ամաց, զոր տեսի այր մի արեգակնազգեստ եւ լի լուսով»: Գորշ ու մութ մարդկանց կասկածանքը հանդեպ ստեղծագործողի ի սկզբանե ճշտում է խոսքի ընթացքը.
    Ոմանք չար են հետ ինձ ու նախանձով են յիմ վերայ,
    Վասն իմ գըրել բանիս, որ առ մարդիկ երեւենայ.
    Ասեն թէ՝ Ո՞նց գըրէ բան քաղցրահամ ու մեզ կարդայ,
    Որ ի մեր միջիս ընգեր կամ համեմատ իւր չունենայ:

    Այսպիսի մարդիկ, ըստ Երզնկացու, եւ իրականում էլ, «կոյր են հոգւով աչաւք, մըտաւք յիմար են, անյիմայ»: Իրեն լսողներին նա բացատրում է, թե ինչպես է հասել իր այս շնորհներին.
    Ես երբ հընգետասան ամաց էի մանուկ տըղայ,
    Ի վանքն յուսումն էի եւ գիշեր մի տեսիլ տեսայ.
    Մանուկ ի լուսեղէն յաթոռ նըստել որպէս արքայ,
    Նըման արեգական է գեղեցիկ, որ լոյս կու տայ:

    Տեսիլքի մեջ նրանք խոսում են. բժշկի՛ր ինձ, ասում է երկիրածինը. «Հոգոք հիւանդ եմ, զքեզ բժիշկ ինձիկ գըտայ»: Տերը պատասխանում է քաղցր ձայնով եւ ասում է՝ գնա՛: Անցնում է որոշ ժամանակ, եւ բանաստեղծը պատմում է տեսիլքի եւ իր հետ կատարվածի մասին.
    Ես ոչ ի միտք բերի, թէ այս տեսիլս ի՛նչ իրք լինայ,
    Եւ ոչ զնա քըննեցի, զի հասակովս ի ես տըղայ.
    Երբ այլ բազում աւուրք ես ի յուսումըն վարժեցայ,
    Ապա զմըտաւ ածի ու զայն խորհուրդըն հասկացայ

    Եղեւ յանկարծակի ինձ բան խաւսիլ՝ ով ուզենայ,
    Այնպէս, որ ես ի յիմ խաւսից շարելըն զարմացայ,
    Սիրով ու մեծ լուսով ես այս բանւս ի փորձ մըտայ,
    Զհոգիս փոխան տըւի, ՚ւ ապա ես այն հոգոյն հասայ:

    Նա ասում է, որ իր գրելու ձիրքը երկնքից իր վրա է իջել որպես մանանա, որ դա աստվածային տրվածք է: Բանաստեղծությունն ավարտվում է այս տողերով.
    Ես եմ մէջ աշխարհիս զերդ ըզյիմար ի յանդիշայ.
    Ոմանց թըւիմ խելաւք, ոմանց խիստ խեւ եւ անյիմայ,
    Ոմանք չարին հետ ինձ, կրճեն ատամն ի յիմ վերայ,
    ’Ւ ոմանց պատեհ թըւի զարիւնս հեղուլ իր կամ լինայ...

    Իրեն տրված մեծագույն շնորհը, իր դեմ եղած հարձակումներին դիմագրավելու իրենց վայել մարտավարությունը Երզնկացին տեսնում է իր արվեստի մեջ: Արվեստի լույսը, ներշնչանքով Աստծուն հաղորդակցվելու ներքին տարերքը ուժ են տալիս նրան եւ պահպանում չար, նենգ, դավադիր, թունոտ, անիմա ու գորշ մարդկանց մեջ: Գրելու շնորհը աստվածային պարգեւ համարելով՝ նա նաեւ փորձել է այդ ձեւով պաշտպանվել, որովհետեւ եթե շրջապատի չարամիտ տգետները իմանային, թե այդ շնորհը իրենից է ու բնածին, ապա կոչնչացնեին նրան: Ինչպե՜ս թե` դու ստեղծագործե՞ս ու մեզ խրա՞տ տաս, - կասեին նրանք, եւ կսկսվեր հաշվեհարդարը: Իսկ այսպես Աստծու անունը կպաշտպաներ նրան, եւ թշնամիների հանդգնությունը վտանգի սահմանը չէր անցնի:
    Երզնկացին խորացնում է անձնական քնարերգության կենսագրական կողմը, որի լավագույն արտահայտությունը «Բանք խաւսիլ ի ժամ տրտմութեան, զոր գրեցի առ պահ[ն] [վասն] սուտ եղբարաց, զոր վիրաւորեցայ» տաղն է: Իր կյանքի տխուր պատկերն է այստեղ, ուր կա ե՛ւ մարդկային հառաչ, ե՛ւ հոգեմաշ վիճակ: «Ես չունիմ հանգստութիւն ՚ւ ուրախութեան ինձ չըկայ ճար, Որ մի պահ հանգիստ առնում կամ դուրանայ կեանքըս դըժար»,- գրում է նա՝ իրեն նմանեցնելով ալեծուփ ծովի, որի փրկության ափերն անգամ չեն երեւում: Միայնակ ու հալածական մարդու կերպար, որին «կու ատեն թշնամաբար»: «Է՜, գերի սիրտ՝ լի արեամբ քանի՞ կենաս հըրովտ ի վառ»,- դիմում է ինքն իրեն բանաստեղծը եւ բացահայտում իրեն շրջապատած կեղծիքի («սուտ կենցաղոյս») ամբողջ ողբերգությունը: Վերջում ինքն իրեն հեզության խրատ է տալիս եւ ասում՝ քեզ մի մաշիր անցավոր կյանքի համար, քանի քանիսն ընդունեցին այս կենցաղը, «առին դադար» եւ սուզվեցին ծովի հատակը «որպես կապար»:
    Երզնկացու քնարերգությունը քրիստոնեական հավատի եւ մարդու ճակատագրի արտահայտություն է: Մարդու ճակատագիրը ժամանակի մեջ՝ սա այն հիմնական մոտիվն է, որ Ֆրիկից սկսած՝ նոր ճանապարհ բացեց մարդու եւ աշխարհի հարաբերության մեջ: Հոգու փրկության քարոզչությունը շարունակվում է` ըստ էության ձուլվելով ոչ միայն ընդհանրապես մարդու, այլեւ որոշակի անձնավորված մարդու փրկության գաղափարներին: Այդ որոշակի մարդը ինքը՝ հեղինակն է, իր անձնական կյանքի դրվագներով: Այդ իսկ պատճառով սա նաեւ անձնական քնարերգություն է՝ նախ որպես անձնական կյանք ու ճակատագիր, ապա եւ՝ որպես սիրո արտահայտություն:

    ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ տեսակետից Կոստանդին Երզնկացին ուշագրավ է հատկապես չափածո խոսքի կշռույթի կանոնիկացման եւ ներդաշնակության կատարելագործման հարցում:
    Հանգի դասավորության բնագավառում առանձնանում է հանգավորման մի ձեւ, որ հետո լայն կիրառություն ունեցավ Սայաթ-Նովայի մուխամազներում: Դա այն է, երբ առաջին քառատող տան մեջ բոլոր տողերն ունեն միեւնույն հանգը, իսկ եթե հանգավորումն անկայուն է, ապա չորրորդ տողի պարտադիր հանգը նման է հաջորդ տների չորրորդ տողերի հանգի հնչեղությանը: Պատկերը կլինի այսպես՝ աաաա, բբբա, գգգա, դդդա, եեեա եւ այսպես շարունակ: Այսպես են գրված «Բան գարնան աւրինակաւ...», «Նոյն բան խորհրդով...», «Հոգի՛, աչերուս իմ լոյս», «Տաղ սիրոյ» գործերը: Իսկ ընդհանուր առմամբ նա կիրառել է միահանգ, միայն մեկ դեպքում՝ կից հանգավորում («Բանք յաղագս անցաւոր մեծութեան...»):
    Երզնկացին ուժեղացրեց նաեւ հանգերի հնչյունական հագեցվածությունը, ինչը հատկապես կարեւորվում է միաձայն հնչականության համեմատությամբ, ինչի օրինակներ եւս նա ունի («Բանք յերկու դէմս մտաց տեսութիւնք...»):
    Նրա սիրած տողաչափերն են 8=(4+4)՝ «Տաղ գարնան աւրինակաւ...», «Բան յաղագս անբաւելի սքանչելեացն...», «Նոյն բան խորհրդով...», «Տաղ գարնան ազնիւ է» եւ 16 =8(4+4)+8(4+4)՝ «Բանք վարդի աւրինակաւ զՔրիստոս պատմէ», «Մեկնութիւն վարդին համառաւտ», «Այս գարունս զգալուստըն Քրիստոսի», «Բան Կոստանդեայ առ մեր հոգեւոր եղբայրն Ամիր»: Այսինքն՝ նրա կիրառած հիմնական չափական միավորը 4 վանկանի անդամն է՝ իր կրկնակ կամ քառյակ բարդումներով: Կա նաեւ չափական այլ կազմություն 14=6+8(4+4), որը հանդիպում է հետեւյալ տաղերում` «Բանք յաղագս արեգականն արդարութեան», «Այլոց այնչափ բառձիր», «Կրկնեալ պատասխանի այսպէս ի դէմ», «Ոմանք չարախաւսեն զինէն...» եւ այլն:
    Գերիշխող լինելով հանդերձ` այս երկու չափերն էլ ունեն տատանումներ. 16 վանկանի տողի առաջին 8 վանկանի կիսատողը դառնում է 6 վանկ, իսկ 14-ի դեպքում 6-ը՝ 8: Կան նաեւ այլ տատանումներ, բայց չափական կշռույթի հիմքում մշտապես ընկած է վանկական գերիշխող կառուցվածքային միավոր:
    Հանդիպում են նաեւ հետեւյալ տողաչափերը 7=4+3 («Տաղ գարնան եւ ուրախութեան», «Հոգի՛, աչերուս իմ լոյս») 11 եւ 12 վանկանի տողեր (տատանումներով), որոնց հիմքը 5 կամ 6 վանկանի անդամն է («Բանք յաղագս անցաւոր մեծութեան...», «Բանք յաղագս չար կնոջ նախատինք...», «Տաղ սիրոյ ազնիւ»):
    Պատկերավորման եւ արտահայտչական միջոցների տեսակետից Երզնկացու պոեզիան ունի յուրահատկություններ, բայց դրանք առանձին հետաքրքրություն չեն ներկայացնում: 

Комментариев нет:

Отправить комментарий